Տարբեր տիպի իրավունքների խախտումների, ծեծերի, բռնության կիրառման եւ ազատությունների սահմանափակման մասին են վերջին ամիսների ընթացքում մեր երկրին անդրադարձող գրեթե բոլոր միջազգային զեկույցները: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

«Տարիներ շարունակ ես ինքս ուրախացել եմ Հայաստանի քաղաքական, տնտեսական ազատությունների, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում յուրաքանչյուր ձեռբերման համար: Ավելին, տեսել եմ, այդ թվում նաեւ, այս դահլիճում նստած` իշխանությունը ներկայացնող գործընկերներիս անթաքույց հրճվանքը ամենատարբեր միջազգային զեկուցներում, ինդեքսներում կամ ռեյտինգներում Հայաստանի յուրաքանչյուր միավոր առաջընթացի ժամանակ: Տարբեր տիպի ֆրիդըմ-ինդեքսներում, ֆիտչերի կամ մուդիսների ռեյթինգներում, մարդու իրավունքների կամ խոսքի ազատության զեկույցներում միջազգայնորեն ամրագրվող ցանկացած առաջընթաց ոգեւորում ու ավելի ակտիվ առաջ գնալու էր մղում հենց նույն իշխանական իմ գործընկերներից շատերին»,- նկատել է նա:

Պատգամավորը նշել է, թե այսօր վատ նորություն ունի: «Եթե տեղյակ չեք, իրազեկեմ: Ամեն ինչ փոխվել է: Ամենուր համատարած անկում է: Տարբեր տիպի իրավունքների խախտումների, ծեծերի, բռնության կիրառման եւ ազատությունների սահմանափակման մասին են վերջին ամիսների ընթացքում մեր երկրին անդրադարձող գրեթե բոլոր միջազգային զեկույցները: Եթե մարդ կար, որ տեղյակ չէր այս իրողությունից, թող ինձ ների տրամադրությունը փչացնելու համար: Տարիներով կուտակածը ամիսներով ու հետեւողականորեն քամուն ենք տալիս:

Բայց այնպես չէ, որ այս հեռանկարի մասին մենք չէինք խոսում ընդամենը ամիսներ առաջ, հայտնի սեպտեմբերի երեքից սկսած: Այն ինչ կանխատեսում էինք, կատարվեց, մի բան էլ ավելին, միայն մի տարբերությամբ, որ շատ ավելի արագ տեմպերով տեղի ունեցավ, քան կարելի էր կարծես»,- ասել է նա:

«Այս ֆոնի վրա մի հարց է միայն, որ գալիս է միտքս եւ որը ուզում եմ բարձրաձայն հնչեցնել: Ե՞րբ է Հայաստանը ի վերջո մեռած կետից շարժելու իր Եվրոպական օրակարգը, ի՞նչ փուլում է ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու վերաբերյալ հայտարարված մոտեցումը, արդյո՞ք իշխանական գործուղումների ծրագրերում նախատեսված են թռիչքներ Բրյուսել:

Սրանք հռետորական հարցեր էին, որ ակամա ի հայտ են գալիս նշածս իրավիճակի մասին մտածելուց: Այսքանը: Մնացածը ով ոնց կուզի, թող մեկնաբանի»,- նշել է Պողոսյանը: