Բերձորում տեղի ունեցած միջադեպը ջուր է լցնում Հայաստանի թշնամիների ջրաղացին: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:

«Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ: Հետեւաբար, այդպիսի ակցիաները չեմ կարող չնկարագրել՝ որպես անխոհեմ քայլ: Առանց Արցախի իշխանությունների թույլտվության, այն էլ «Ցեղասպանության 100-րդ տարելիցն առանց ռեժիմի» նշանաբանով սադրանք է, որն ակնհայտորեն ջուր է լցնում թշնամու ջրաղացը: Բայց ինչպես ասում էր Վազգեն Առաջինը, մենք նույն ժողովրդի հարազատ զավակներ ենք Արարատի ստորոտներին: Մենք մարմնավորում ենք ոչ միայն այսօրվա հայությունը, այլ բոլոր ժամանակներում այստեղ ապրած մեր ժողովուրդը»,- հայտարարել է Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: