Ներկա լարված իրավիճակը մեր բանակի կողմից ամբողջությամբ վերահսկելի է: Մեծ հաշվով,  նենգ հակառակորդը իր կողմից կատարած ամեն ստոր արարքի համար հուժկու պատասխան է ստանում: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

«Կարծում եմ որեւէ մեկիս համար գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ՝ տարին սահմանային լարվածությամբ սկսվեց: Հակառակորդը եւս մեկ անգամ ապացուցեց, որ չի հասկանում, որ պետք է պահպանի հրադադարի ռեժիմը, բայց մենք համոզվեցինք՝ այն պետք է պարտադրենք անհամաչափ, ինչու չէ նաեւ նախահարձակ գործողություններով՝ որպես կառուցողական եւ խաղաղարար դիրքորոշման շարունակություն: Իսկ դրան սպասում են եւ պետք է ասեմ, որ շատ են սպասում հատկապես ՀՀ սահմանամերձ տարածքներում:

Անցնող շաբաթ ԱԺ պատգամավորական պատվիրակությունը ԱԺ նախագահի որոշմամբ, եւ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի գլխավորությամբ, պատգամավորներ Գ. Մելիքյանի, Արծվիկ Մինասյանի եւ Կարեն Բոթոյանի մասնակցությամբ այցելեցինք Տավուշի  սահմանամերձ Չորաթան եւ Չինարի գյուղերը: Հանադիպումներ ունեցանք այդ երկու գյուղերի բնակիչների հետ, եղանք մարտական դիրքերում եւ զորամասում՝ հանդիպելով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների եւ սպաների հետ: Լսեցինք նրանց, եւ պետք է անկեղծ ասեմ, շատ ոգեւորվեցինք»,- ասել է նա:

Ըստ պատգամավորի, ներկա լարված իրավիճակը մեր բանակի կողմից ամբողջությամբ վերահսկելի է: «Մեծ հաշվով,  նենգ հակառակորդը իր կողմից կատարած ամեն ստոր արարքի համար հուժկու պատասխան է ստանում: Ընդունելով, որ մեր առաջնահերթ խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, այդուհանդերձ, փորձեցինք ճշտել այն մտահոգությունները, որոնք ունեն սահմանապահ գյուղերի մարտական ոգու տեր այդ հերոս մարդիկ, ովքեր խոսում են, երբ հավատում են դիմացինին»,- նշել է Մելիքյանը:

«Խնդիրը, որի մասին խոսում էին բոլորը, վերաբերվում էր մարտական հենակետերում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձի դրույքաչափերի վերանայմանը, որը կնպաստի նաեւ երիտասարդության զբաղվածության ապահովմանը: Հաշվի առնելով Ազգային ժողովի կողմից ընդունված եւ 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքով նախատեսված այդ տարածքում գործող հարկային արտոնությունները, առաջարկություն արվեց նպաստել ներդրումների ուղղորդմանը դեպի սահմանամերձ համայնքներ: Խոսվեց նաեւ Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանամերձ տարածքների բնակչությանը սոցիալական արտոնությունների հատկացման օրենքի մասին, եւ պետք է նշեմ, որ այստեղ սպառված գազի սակագնի փոխհատուցման քաղաքականության վերանայման խնդրի ունենք»,- նկատել է պատգամավորը:

Նա հայտնել է, թե հանդիպումների ընթացքում կարեւորվեց նաեւ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման խնդիրը, ինչպես նաեւ այդ համայնքների սոցիալապես անապահով բնակիչների սոցիալական նպաստների քաղաքականության վերանայման հարցը՝ առաջարկելով կապել դա երեխաների ծննդյան եւ այլ նպատակային սկզբունքների հետ:

«Առաջարկություններ հնչեցին կապված Նորաշեն-Չորաթան միջհամայնքային ճանապարհի վերանորոգման, Չորաթան եւ Չինարի համայնքների ոռոգման ներքին ցանցերի վերականգման, ինչպես նաեւ բնակչության մոտ առկա անասնապահական մթերքների ավելցուկի պետգնման ապահովման խնդիրների հետ:

Այս, ինչպես նաեւ այլ առաջարկություններ, գրավոր ձեւով հանձնվել են ՀՀ ԱԺ նախագահին՝ կառավարությանը ներկայացնելու եւ խնդիրներին լուծում տալու նպատակով»: