«Այսօր Հայաստանի համար ամենալուրջ խնդիրը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ թուրքական իշխանությունների իրական մտադրությունների իմացությունն է։ Եթե Հայաստանում դեռ անվստահություն է նկատվում թուրքական իշխանությունների մտադրությունների նկատմամբ, եթե Թուրքիան ազնիվ չի գործում, ինչը անհրաժեշտ է հայ-թուրքական սահմանի բացման գործընթացին վստահելու համար,առավել եւս, երբ թուրքական քաղաքականության նորացվածության նշաններ չեն նկատվում, բնականաբար, դրանից վտանգներ են բխում՝ տնտեսական եղանակով Հայաստանը վերցնելու եւ խեղդելու փորձ, ժողովրդագրական սպառնալիք»,-հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր վտանգների վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ վերջին հաշվով Արեւելյան Անատոլիայի քրդաբնակ կամ անգամ թուրքաբնակ ժողովուրդների համար Հայաստանը իսկապես Եվրոպա է, քանի որ իրավունքների պաշտպանվածության առումով Հայաստանում ավելի բարվոք վիճակ է, քան Թուրքիայում։ «Թուրքիան ձգտում է ցանկացած լծակ օգտագործել Հայաստանի նկատմամբ իր նախկին մտադրությունները իրականացնելու համար։ Այո,կան բարիդրացիության մասին հայտարարություններ, բայց դրանք կեղծ են։ Իրականում թուրքական կողմի մտադրությունները ազնիվ չեն»,-ասաց նա։

Ըստ նրա, պետք է պատկերացնել բոլոր բացասական վտանգները։ Չկա որեւէ եզրահանգման նշան, որ Թուրքիան այլեւս այն չէ, որի հետ Հայաստանը խնդիր ուներ։ Այս ամենը թուրքական փոփոխված պետության եւ փոփոխված քաղաքականության կեղծ նշաններն են, որոնք կարող են լինել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու, մշակութային ժառանգությունը միակողմանիորեն վերականգնելու, ցեղասպանության իրավահաջորդների համար վերադարձի իրավունք ընձեռնելու, ինչպես նաեւ ցեղասպանության համար ներողություն խնդրելու կամ դա ճանաչելու։ «Ակնհայտ է, որ թուրքական մտադրությունները Հայաստանի նկատմամբ մնում են նույնը՝ճնշել, ետ գցել, խեղճացնել, ձեռք բերել ազդեցության լրացուցիչ լծակներ, տնտեսության եւ քաղաքականության մեջ ներգրավվածություն ունենալու միջոցով ազդել Հայաստանի վրա՝ իրականացնելով իրենց կեղտոտ նպատակները»,- նշեց պատգամավորը։

Ստեփան Սաֆարյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ պետական համակարգը այնպիսին չէ, որ կարողանա դիմակայել Թուրքիայի հետ կապված խնդիրներին։ Հայաստանը դեռեւս չի կարող դիմակայել հայ-թուրքական սահմանի բացմանը հաջորդող հնարավոր վտանգներին, եզրափակեց նա։