Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի ընտրական երկրորդ փուլում այսօր «Միկան» Մակեդոնիայում առաջին հանդիպումն անցկացրեց «Ռաբոտնիչկի»- ի հետ: Սկոպյեի Ֆիլիպ 2-րդ Մակեդոնացի ստադիոնում կայացած հանդիպման արդեն 38-րդ րոպեից «Ռաբոտնիչկի»-ն մնաց տասը ֆուտբոլիստներով: Բոտի Դեմելի նկատմամբ թույլ տված խախտման համար հեռացվեց Ֆերնանդո Լոպեսը: Դրանից հետո դաշտի տերերը շեշտը դրեցին պաշտպանության վրա: Թվային առավելությունը գոլի վերածել «Միկա»-ն չկարողացավ: Իսկ դաշտի տերերը հանդիպման ամենավերջում, 87-րդ րոպեին Վանդեյրի գոլի շնորհիվ իրենց խնդիրը լուծեցին` ոչ միայն անառիկ պահեցին դարպասը այլեւ տասը ֆուտբոլիստներով գնդակ խփեցին:
Պատասխան խաղից առաջ «Միկա»-ն հեռացման շնորհիվ հրաշալի հնարավորություն էր ստացել գոնե գնդակ բաց չթողնել, բայց կրեց հերթական պարտությունը: Մեր չորս ակումբներից դեռ ոչ մեկը այս տարի եվրոպական ասպարեզում հաղթանակ չի տարել: «Բանանցն» ու «Ուլիս»-ը դուրս մնացին Եվրոպայի լիգայի առաջին փուլում: Չեմպիոնների լիգայում էլ «Փյունիկ»-ը երեկ 1:3 հաշվով պարտվեց «Պարտիզան»-ին:



























