Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը իր ռուս գործընկերոջը դիմել է շատ ուշ, բայց ոչ ուշացած: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը

Նա նշեց, որ չի կարելի ասել, թե այլեւս անիմաստ է դիմելը: «Դեռեւս հունվարի 13-ի ինքնախոստովանական ցուցմունքից հետո կարող էր դիմել, հաշվի առնելով նաեւ, որ նրա հետախուզումը, ձերբակալումը եւ առեւանգումը եղել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ, ինչի հետ համաձայն է Գեւորգ Կոստանյանը: Հիմա դիմելը լիքը հարցեր է առաջացնում, եթե հիշենք նաեւ, որ եւ Գյումրիում, եւ ԱԺ-ում ինքը ասել է, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում կդիմի ՌԴ դատախազին: Բայց հայտարարության մեջ չկային, թե ինչ հիմքերն են առաջացել դիմելու համար, որ մինչեւ այդ չկային»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:

Նա դիտարկում է նաեւ հարցի մյուս կողմը՝ քաղաքական մասը: Լեւոն Բարսեղյանը շեշտեց, որ Կոստանյանը չէր կարող առանց Սերժ Սարգսյանի համաձայնության եւ թույլտվության դիմել, իսկ Սերժ Սարգսյանը կասեր դիմեք, եթե ունենար ռուսական կողմի դիրքորոշումը:

«Ենթադրում եմ, որ  ռուսական կողմը համաձայնել է գործը փոխանցել, դրա համար դիմել է: Կամ էլ այս քայլով փորձում են ժամանակ ձգել, այսինքն՝ նրանք կպատասխանեն, հետո նորից մերոնք մի բան կգրեն, ադպես գրագրությամբ ժամանակ կշահեն»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ փետրվարի 14-ին Գյումրիում նախատեսված է հանրային քննարկում, որտեղ կքննարկվեն երեք հիմնական հարցեր՝ բուն գործի հանգամանքները, սպանությունից հետո տեղի ունեցած հանցագործությունները՝ Պերմյակովի ձերբակալություն, տեղափոխում եւ այլն, ինչպես նաեւ ապագայի անելիքները, գործի քննության երաշխիքները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Տուժողի իրավահաջորդները 5-ն են: