«Ի տարբերություն Հայաստանի լրատվամիջոցների՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թուրքական լրատվամիջոցները ունեն պետական,միասնական դիրքորոշում, ինչը դրական ազդեցություն է թողնում հասարակության վրա եւ թույլ է տալիս, որպեսզի թուրք հասարակությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ունենա ավելի կուռ դիրքորոշում»,-այս մասին այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ հայտարարեց բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստան այցելած բազմաթիվ լրագրողներ փորձում են հայաստանյան հասարակության մեջ մեղմացումներ փնտրել կապված հայ-թուրքական խնդրի հետ եւ իրենց հոդվածներում ցանկանում են ներկայացնել, որ հայ հասարակությունը մտահոգված է ավելի շատ կենցաղային խնդիրներով, եւ մեծ մասը չի կարեւորում ցեղասպանության հարցը։
Այս խնդիրը, Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, բավական խորն է, քանի որ, եթե թուրքական մամուլը հայերին ներկայացնում է, որպես մի ժողովուրդ, որը մոռացել է իր անցյալը եւ տարված է կենցաղային խնդիրներով, ապա հայի կերպարին լուրջ հարված է հասցվում։ «Ապագայի վերաբերյալ հայերի լավատեսական գնահատականները եւ հույսերը շատ հաճախ թուրքական մամուլում ընկալվում են որպես խղճահարություն հայերի նկատմամբ, ըստ ընթերցողների մեկնաբանությունների՝ պատկերը հետեւյալն է. Թուրքիան ներկայացվում է բարի տիրոջ կերպարով, իսկ հայկական կողմը՝ խղճահարություն հայցողի»,-նշում է նա։ Ռուբեն Մելքոնյանի խոսքերով, հայաստանյան հասարակությունը Թուրքիայի եւ թուրքերի մասին ունի չափազանց մակերեսային պատկերացումներ։
«Մեծ մասամբ մենք իրականում չենք ճանաչում մեր ներկայիս թուրքերին, եւ հայաստանյան մի շարք վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, իրենց ելույթներում եւ հոդվածներում ցույց են տալիս, որ Թուրքիայի մասին ունեն շատ հեռավոր եւ մակերեսային պատկերացումներ, իսկ նման տեսակետների ներկայացումը հայ հասարակության համար վտանգավոր է հենց դիրքորրոշումների ձեւավորման կամ հստակեցման առումով, ի տարբերություն թուրք հասարակության՝ հայ հասարակության մոտ գերիշխում է ավելի մեղմ եւ անզգույշ մոտեցումը կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ»,-ասաց նա։




























