Վաշինգտոնում գործող Հայկական ազգային ինստիտուտը, Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանն ու Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության թեմայով երրորդ թվային ցուցահանդեսն են բացել, որում ներկայացվել է 128 նկար՝ 24 ցուցատախտակի վրա:
Ըստ «Asbarez»-ի, ցուցահանդեսը կոչվում է «Առաջին տեղահանություն. գերմանական երկաթուղին, ամերիկյան հիվանդանոցն ու Հայոց ցեղասպանությունը»: Նշված կազմակերպությունների կայքերում հասանելի ցուցադրությունը կենտրոնացած է երկու բնակավայրերի՝ Տավրոսի լեռներում գտնվող հայկական Զեյթուն եւ Անատոլիայի կենտրոնական հատվածում գտնվող թուրքական Կոնիա քաղաքների ուղղությամբ:
Հեռավոր եւ ինքնաբավ Զեյթուն քաղաքն Օսմանյան Թուրքիայի առաջին հայ համայնքներից է, որտեղից մարդկանց զանգվածաբար տեղահանել են 1915 թվականի ապրիլին: Զեյթունի հայերին տեղահանության մասին հրահանգին դիմակայելու հնարավորությունից զրկելու համար երիտթուրքական կառավարությունը բնակչությանը բաժանել է՝ մի մասին ուղարկելով արեւելք, մյուս մասին՝ սիրիական անապատներ, իսկ մնացածներին՝ արեւմուտք, Կոնիայի անբերրի հարթավայրեր:





























