«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից հերթականը վերաբերում է Քոչարյանի իշխանության ավարտին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Ուշագրավ է, որ 2006-ին փաստագրված 2 զեկուցագրերը, որոնք հեղինակվել են ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեյի կողմից, քննարկվում են ԲՀԿ ստեղծման եւ գործունեության խնդիրները:

Ուշագրավ է, որ ամերիկացիների առջեւ Ծառուկյանի ու նրա կուսակցության քայլերից իր դժգոհությունն է արտահայտել ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, ով ներկայումս հանդիսանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր: Վերջինս անձնական զրույցի ընթացքում նշել է, որ ԲՀԿ-ն մարզերում օգտագործում է վարչական հսկայական ռեսուրսներ, ինչը նույնիսկ լավ ֆինանսավորված կուսակցություններին մրցակցությունից դուրս է թողնում:

Եվ այն, որ այսօր Արսենյանն, ըստ էության, համալրել է ԲՀԿ-ի շարքերը (թեեւ ունի սեփական կուսակցությունը՝ ՄԱԿ-ը) կարող է նշանակել, որ կամ ԲՀԿ-ն այլեւս չի օգտագործում անհավասար մեթոդներ ու չի խոչընդոտում ազնիվ մրցակցությանը, կամ էլ Արսենյանն ինքն է համակերպվել գործող խաղի կանոններին՝ շարունակելով մնալ վերոհիշյալ կարծիքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: