Գյումրիում տեղի ունեցած բախումների գործով ձերբակալված Մնացական Ալեքսանյանին անազատության մեջ պահելու 72 ժամը լրանում է փետրվարի 7-ին, ժամը 17.00-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նրան երեկ երեկոյան փաստաբան է այցելել: Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի 3-րդ մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով: Մնացական Ալեքսանյանը հրաժարվել է որեւէ ցուցմունք տալ, ավելի վաղ՝ հունվարի 17-ին, նրան նորից էին տարել ոստիկանություն, այդ անգամ հարցաքննել էին 13 ժամ:

Լեւոն Բարսեղյանից նաեւ տեղեկացանք, որ Մնացական Ալեքսանյանը ամուսնացած չէ, ապրում է մոր եւ հոր հետ, մեկնում է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Նա 2 տարի առաջ է զորացրվել, ծառայել է Ասկերանում, նշանառու էր, դիվերսիաներ է հետ մղել եւ պարգեւատրվել: Նրա հայրը եւս ազատամարտիկ է, աշխատել է ոստիկանությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Տուժողի իրավահաջորդները 5-ն են: Այս դեպքերի հետ կապված Գյումրիում եւ Երեւանում անց են կացվել բողոքի ակցիաներ, եղել են բախումներ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: