Մի խումբ լրագրողներ եւ ակտիվիստներ այսօր՝ փետրվարի 5-ին, հավաքվել են Գյումրիի դատախազության առջեւ եւ պահանջում են, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ընդունի իրենց եւ պարզաբանում տա, թե ինչ հիմքով են նախօրեին ձերբակալել Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Րաֆֆի Ասլանյանը հրաժարվում է ընդունել հավաքվածներին։ Լրագրողների հետ կարճ խոսել է միայն Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, որը միայն ասել էր, որ իրենք որեւէ անօրինական գործողություն չեն կատարել։
Անդրադառնալով հունվարի 15-ի բախումներից հետո բողոքի ացիայի մասնակիցներին ոստիկանություն կանչելու եւ հարցաքննելու իրավական հիմքերին՝ Նադարյանը ասաց. «Ոչ ոք բերման չի ենթարկվում։ Հրավիրվել են։ Իսկ մնացած գործողությունները քրեական գործի շրջանակներում դատախազության եւ Քննչական կոմիտեի գործառույթներն են»։
Այս պահին Շիրակի մարզի դատախազությունում դատախազ Րաֆֆի Ասլանյանի մոտ հրավիրվել է փակ, հրատապ խորհրդակցություն՝ մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Ներկա են նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Ղահրամանյանը։
Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:



























