Երեւանի բոլոր դպրոցներում փետրվարի 3-ից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Երեւանի քաղաքապետարանից:

Աշակերտների գիտելիքների եւ ուսման առաջադիմության ամենամյա ստուգատեսին մասնակցում են մայրաքաղաքի բոլոր դպրոցները՝ հիմնական, միջնակարգ, ավագ, մասնավոր։ Դպրոցական օլիմպիադաները, որոնցում ընդգրկված են 16 առարկաներ, անցկացվում են 3 փուլով։ Տարածքայինին մասնակցում են դպրոցական փուլում հաղթած երեխաները. դպրոցական փուլն անցկացվել է դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ըստ կարգի՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» առարկայական օլիմպիադաների առաջին փուլը բոլոր դպրոցներում առցանց է անցկացվում՝ միասնական թեստով։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ վարչության աշխատակիցները օլիմպիադաների օրերին այցելում են դպրոցներ՝ ընթացքին ծանոթանալու եւ հետեւելու։ Հանրակրթության վարչության պետը նշել է, որ օլիմպիադաների անցկացման կարգի խախտում փետրվարի 5-ի դրությամբ դեռեւս չի արձանագրվել։ «Աննախադեպ մեծ է մասնակցությունը. տարի առ տարի ավելի բարձր արդյունքներն ենք գրանցում թե՛ մասնակցության, թե՛ աշակերտների պատրաստվածության, թե՛ անցկացման որակի»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը կավարտվի փետրվարի 18-ին։ Դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը հաղթահարած աշակերտները կմասնակցեն մարզային փուլին, որը կանցկացվի փետրվարի 21-ից՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության հաստատած ժամանակացույցի։