Մեծ Բրիտանիան չի դիմել Հայաստանի կառավարությանը Ղարաբաղում ձերբակալված Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասքերովի հարցով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ է Բրիտանիան զբաղվել Ասքերովի եւ Գուլիեւի հարցով:

«Իր պատասխանում բարոնուհի Էնելեյը նշել է, որ Բրիտանիան չի ճանաչում այդ դատական քննությունը, քանի որ նրա կողմից ճանաչված չեն ԼՂ դե ֆակտո իշխանությունները: Մեծ Բրիտանիան ձերբակալվածների հարցով չի դիմել Հայաստանի կառավարությանը»,-հայտարարել է դեսպանը:

Քեթրին Լիչը նաեւ ներկայացրել է պետնախարարի մեջբերումը, որտեղ նշված է. «Սակայն մենք քննարկել ենք այդ դեպքը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, որը մուտք ունի Լեռնային Ղարաբաղ եւ մի քանի անգամ այցելել է բանտարկյալներին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ բարոնեսսա Էնելեյը հայտարարել է, որ «երկու պատանդների հետագա ճակատագրի հետ կապված հարցը կբարձրացվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առջեւ»: