Եվրասիական տնտեսական միությունը չպետք է շտապի սեփական արժույթը ներդնելու հարցում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:

«Ինչո՞ւ մեզ մոտ Դաշնային պետության միասնական արժույթ չստեղծվեց: Դրա ստեղծման մասին պայմանագրի տակ թանաքը դեռեւս չէր չորացել, նույնիսկ իրավաբանական ակտ չէր ընդունվել, որը միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու իրավունք կտար, երբ անմիջապես սկսեցին արժույթով զբաղվել: Ինչի՞ արժույթով: Գոյություն չունեցող իրավաբանական անձի արժույթո՞վ»,- հայտարարել է Սուրիկովը:

«Հիմա նույնն է: Ի՞նչ արժույթ է դա լինելու: Համապատասխան համաձայնագրերով որոշված իր գործառույթներում Եվրասիական տնտեսական միությունը ո՛չ միասնական վճարային համակարգ ունի, ո՛չ միասնական ֆոնդային շուկա, ո՛չ միասնական արժույթ: Դա ընդամենը կառույցի զարգացման հեռանկարն է»,- հավելեց նա:

Դեսպանի կարծիքով, ԵՏՄ-ն պետք է կենտրոնանա արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ. «Եվրասիական տնտեսական միությունը պետք է ոտքի կանգնի իր փաստաթղթերում արձանագրված չորս ազատություններով, դադարեցնի ամեն տեսակի միջամտությունները, արգելապատնեշները եւ այլն: Եվ հետո միայն, երբ բոլոր չորս ազատությունների (ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի) գծով ամեն ինչ կարգին կլինի, հնարավոր կլինի քննարկել միասնական արժույթը, ֆոնդային շուկան եւ մնացյալը... Եվ պետք չէ շտապել»: