Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ Հանրային կապերի բաժնից:
Մեզ հայտնեցին, որ Հակոբ Հակոբյանը առողջական վիճակի հետ կապված որեւէ բողոք չունի, նա որեւէ դիմում չի ներկայացրել ոչ առողջական վիճակի, ոչ էլ առանձին խուց տեղափոխվելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կալանավորվել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության հարուցած քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու մեջ, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով:
Նկատենք, որ 2000-ական թվականներին Հակոբյանը ամենաազդեցիկ գործարարներից մեկն էր Էջմիածնի տարածաշրջանում, սակայն հետո իր տեղը զիջեց գեներալ Մանվել Գրիգորյանին:





























