Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համոզված է, որ Երեւանի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար պետք է քրեական գործ հարուցվի նաեւ կուրսանտի անմիջական եւ վերադաս հրամանատարների նկատմամբ:

Այսօր` փետրվարի 6-ին, «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկմանն Արթուր Սաքունցը նշեց, որ պատասխանատվության տեսակները համարժեք չեն, քանի որ Հայկազ Բարսեղյանին սպանել են իր անկողնում, իսկ սենյակում ներկա մյուս 6 անձինք ձայն չեն հանել:

«Մենք ներգրավվելու ենք այս գործում` որպես տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ եւ հույս ունենք, որ արդար քննություն կարվի: Եթե այդ ինստիտուտում երկու տարի առաջ տեղի ունեցած սպանությունը բացահայտվեր, ապա Հայկազի դեպքը չէր լինի»,- ասաց Արթուր Սաքունցը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` նման սարսափելի դեպքը շատ խորքային հետեւություններ է բերում եւ արդեն հայտարարվել է, որ ամբողջ ղեկավար կազմում փոփոխություններ են լինելու:

«Նախարարին էլ է մտահոգում այն հարցը, որ չի կարող ապագա սպան անտարբեր նայել` ինչպես են մարդ սպանում: Բայց Ձեր տեղեկությունը սխալ է: Սպանությունը կատարած անձինք հենց այդ սենյակում քնողներն են եղել, այլ մարդ կոնկրետ սենյակում չի եղել: Իհարկե, եղել են հարկի հերթապահներ, վաշտի հերթապահներ, բայց շատ բան ասել չեմ կարող»,- ասաց ՊՆ խոսնակը` հավելելով, որ իրենք գործով մեղադրվող Գնել Թեւոսյանի` պետի տեղակալի որդի լինելու փաստը երբեք չեն թաքցրել:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը առայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են  ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Հայկազ Բարսեղյանը Արարատի մարզի Նիզամի գյուղում, ընտանիքի ավագ որդին էր, նա երկու եղբայր ունի՝ 8 եւ 12 տարեկան: Հայկազի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում: