Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը այսօր՝ փետրվարի 6-ին, ցուցում է տվել ազատ արձակել Գյումրիի բախումների գործով ձերբակալված՝ Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանին և խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Շիրակի մարզպետարանում։

Ավելի վաղ՝ Գյումրիի ավագանու նիստին քաղաքապետ Սամվել Բալասանյանը Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին հորդորել էր անհապաղ ազատ արձակել 22-ամյա Մնացական Ալեքսանյանին։

 «Ստեղծված իրավիճակը լիցքաթափելու նպատակով Գյումրու համայնքի ազգաբնակչության, ավագանու եւ անձամբ իմ անունից խնդրում եմ ձերբակալված Մնացական Ալեքսանյանին օրենքով նախատեսված ընթացակարգով ազատ արձակել եւ հնարավորինս ներողամիտ վերաբերմունք ցուցաբերել վերը նշված միջադեպի մյուս մասնակիցների նկատմամբ»,-ասել էր նա։

Գյումրիի քաղաքապետը մտահոգություն էր հայտնել, որ Սամվել Մնացականյանի ձերբակալությունը Գյումրի համայնքի եւ տարածաշրջանի ազգաբնակչության շրջանում վրդովմունքի նոր ալիք կարող է առաջացանել։

Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու միջնորդությամբ դատախազին դիմել է նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։

Նշենք, որ ձերբակալության հետ կապված լարվածություն էր առաջացել Գյումրիում։ Այսօր՝ ժամը 15։00-ին, նախատեսվում էր անցկացնել բողոքի մեծ ավտերթ՝ մարզպետարանից դեպի դատախազություն, որին միանալու էին նաեւ Սառնաղբյուր համայնքի բնակիչները։

Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին: