Հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստան մուտք գործելիս միգրացիոն քարտում իբրեւ այցի նպատակ՝ պետք է նշեն «աշխատանքը»։ Այս մասին փետրվարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է Հայաստանի Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստան մեկնողները աշխատանքային պայմանագրերով պետք է ներկայանան ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային բաժանմունք եւ աշխատանքի  արտոնագիր ստանան։ «Եվ նրանց միգրացիոն քարտի վրա արդեն կնշվի, որ նրանք Ռուսաստանում գտնվում են օրինական հիմունքներով»,- ընդգծել է Եգանյանը։ Ռուսաստանի տարածքում գտվող ՀՀ քաղաքացիները ազատվում են ռուսաց լեզվի, պատմության եւ իրավագիտության քննություններ հանձնելու պարտավորությունից։ «Նրանք պարտավոր չեն ներկայացնել նաեւ բժշկական եւ ապահովագրական տեղեկանքներ։ Այլ պետությունների քաղաքացիները պարտավոր են»,- նշել Եգանյանը։ Եթե հայ աշխատանքային միգրանտը Ռուսաստանի տարածքում պետք է աշխատի 30 օր, ապա միգրացիոն ծառայություններում հաշվառվելու կարիք չկա։  «Այլ երկրների քաղաքացիների համար այս ժամկետը 7 օր է,- հավելել է ՀՀ Միգրացիոն ծառայության պետը։

2015թ. ռուսական իշխանությունները շարունակում են միգրացիոն օրենքների խստացումը։

Այսպես՝ խստացվել է Ռուսաստան անօրինական մուտք գործելու համար  նախատեսված պատիժը։ ԱՊՀ երկրների մեծ մասի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելը թույլատրվում է միայն արտասահմանյան անձնագրերով։ Դաշնային  միգրացիոն ծառայությունում փաստաթղթերի ձեւակերպան համար գանձվող տուրքերը նույնպես աճել են։ Աշխատանքի տեղավորվելու համար անհրաժեշտ է հանձնել ռուսաց լեզվի հատուկ քննություն։  Նման քննություն է նախատեսված նաեւ ժամանակավոր կամ մշտական բնակության իրավունք ստանալու համար։