Գյումրիի հուզումները անպատասխանատու հայտարարությունների հետեւանք են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության զեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ երկրի ղեկավարությունը, այդ թվում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, պետք է հասարակությանը հասկացնել տան, որ գնում են ճշմարտության ուղիով, իսկ դրա փոխարեն անհիմն ու անհետեւողական հայտարարություններ են արել, որոնք այդպես էլ չեն կատարվել: «Հետեւաբար ամեն ինչի համար պատասխանատու են միայն իշխանությունները»,-հայտարարել է Զուրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ դեպքից 7 օր անց մահացել է:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: