ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախապես տեղյակ է եղել, որ Բերձորում հունվարի 31-ին «Նախախորհրդարանի» ավտոերթի ժամանակ «սադրանք» է լինելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողներին ասաց Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ իրենք, հաշվի առնելով ավտոերթի հասցեին նախապես հնչած սպառնալիքները, ցանկացել են մասնակցել ավտոերթին։

«Քանի որ սպառնալիքներ էին հնչում «Նախախորհրդարանի» ավտոերթի հետ կապված, նույնիսկ պլանավորել էինք 5 մեքենայով մասնակցել ավտոերթին, սակայն վերջում մտափոխվեցինք, եւ մի մեքենայով ես ուղեւորվեցի ավտոերթի հետեւից։ Ճանապարհին արցախցի իմ ընկերները ինձ ասեցին, որ սադրանք է սպասվում, ավտոերթի մասնակիցներին սպասում են»,-ասաց ԱԻՄ առաջնորդը։

Պարույր Հայրիկյանը զանգահարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, նրա օգնականի հետ խոսել, ասել, որ սադրանք է նախատեսված, որը լուրջ սպառնալիք է եւ Հայաստանի, եւ Արցախի համար, այնուհետեւ զանգահարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, նույնիսկ ԱԻՆ, սակայն նրան միայն վարչապետն է պատասխանել, ու ասել, որ հարցն իր լիազորությունների շրջանակից դուրս է, բայց կփորձի խոսել համապատասխան մարմինների հետ։

«Բակո Սահակյանի եւ Սերժ Սարգսյանի հետ չզանգելու հանգամանքը մտահոգիչ էր, քանի որ իրենք միշտ պատասխանել են իմ զանգերին։ Զանգահարեցի նաեւ երթի մասնակիցներին, ասեցի, որ սադրանք է նախատեսվում, սակայն նրանք պատասխանեցին, որ եթե չթույլատրեն, հետ կվերադառնան, ոչ մի խնդիր չկա։ Անցավ մի որոշ ժամանակ, ավտոերթին մասնակցող Կարո Եղնուկյանի համարից ինձ զանգ եկավ, միայն ձայներ լսվեցին, հետո Կարոն ինձ ասեց՝ Պարույր, մեզ ջարդում են»,-պատմեց Պարույր Հայրիկյանը։

ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ Բերձորի դեպքերով  իշխանությունը հասկացնում էր, որ ոչ ոք իրենց դեմ դուրս գալու իրավունք չունի ։

«Սա պետության կողմից կազմակերպված հակացույց էր, որ մենք ենք այս երկրի տերը, ոչ ոք իրավունք չունի մեր կամքին հակառակ բաներ անելու»,-ասաց Պարույր Հայրիկյանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: Նշենք, որ նրանք Արցախ էին մեկնել «Ցեղասպանության 100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսով: