«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի» խորհրդաժողովից հետո կկայանա հանդիպում 3 առաջնորդների (ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյան, ՀԱԿ-ից՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, «Ժառանգությունից»՝ Րաֆֆի Հովհաննիսյան) մասնակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Կարծում եմ՝ այս խորհրդաժողովից հետո կլինի երեք առաջնորդների հանդիպում, որից հետո կթեւակոխեն ակտիվ գործողությունների փուլ, ներքաղաքական պայքար, հասարակական տրամադրությունները այս առումով խիստ ծայրահեղ են, չկա այլ ճանապարհ իշխանափոխությունից բացի»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ առայժմ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, բայց կարծում է՝ դա կլինի մոտակա օրերին, կճշտվի հանրահավաքի օրակարգը, ժամանակացույցը:

Անդրադառնալով Ծառուկյանի առաջ քաշած հարցերը ՀՀԿ նիստերից մեկում քննարկելուն՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ պարզ չէ՝ ինչ կքննարկեն եւ ինչ արդյունք կլինի: «Ժառանգության» անդամը վստահ է, որ կոալիցիան միանշանակ մերժելի տարբերակ է ԲՀԿ-ի համար: Նա նշեց, որ ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդաժողովում խոսվեց ժողովրդի կողմից ձեւավորված իշխանության մասին, ինչը ենթադրում է ընտրություններ, իսկ ԲՀԿ-ական գործընկերները գիտեն, որ այդ խնդիրը կարող են լուծել արտահերթ ընտրությունների միջոցով: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ արտահերթ ընտրություններն այլ քաղաքական պրոցես է, իսկ հերթականի դեպքում կարող է շնորհավորել ՀՀԿ-ականներին: