Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդու ձերբակալության մասին: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է եւ կրակոցներ են հնչում:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1948 թ. ծնված Հովսեփ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 22.00-ին իրեն պատկանող, նշված շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ՝ 1968 թ. ծնված Մհեր Պ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը` կրակել է իր ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԻԺ-71» տիպի BAP-7526 տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից մեկը եղել է փողի, իսկ երկուսը` պահունակի մեջ: Նույն օրը, ժամը 22.30-ին, Մհեր Պ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Մհեր Պ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը: Այս մասին հայտնել էին NEWS.am-ի աղբյուրները: Մհեր Պետրոսյանը Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբայրն է:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա երեկ՝ փետրվարի 6-ին, երեկոյան, Պռոշյան փողոցում գտնվող մի օֆիսում վիճաբանել է ծանոթի հետ եւ կրակոցներ արձակել: Մի տղամարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Մհեր Պետրոսյանը ձերբակալվել է: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Մհեր Պետրոսյանը ձերբակալվել է:





























