Հայտնի չէ՝ երբ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի սցենարով եւ ֆինանսավորմամբ նկարահանված Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմը՝ «Հիշողությունը», կբարձրանա մեծ էկրան: «Մոսկվա» կինոթատրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ մինչեւ ամսվա վերջ ֆիլմը հաստատ չի ցուցադրվի, իսկ հետագայի մասին էլ ոչինչ հայտնի չէ:

Ի դեպ, ֆիլմում նկարահանված դերասանները եւս չգիտեն՝ երբ կլինի ֆիլմի պրեմիերան: Նրանցից շատերը փակ դիտմանը չեն մասնակցել, որեւէ հրավիրատոմս էլ չեն ստացել պրեմիերային մասնակցելու համար: Դերասանների համար անակնկալ էր Ճոյտի ձերբակալումը, բայց ինչպես պարզեցինք նրանց հետ մասնավոր զրույցներում, նախկին պատգամավորը հասցրել էր վճարել նկարահմանը մասնակցած անձնաց աշխատավարձերը:

Հակոբ Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ֆիլմի ցուցադրման մասին որեւէ բան չի զրուցել Հակոբ Հակոբյանի հետ: Նա նշեց, որ Հակոբ Հակոբյանի վիճակը կայուն է, մինչեւ այդ նրա մոտ առկա խնդիրները՝ սրտի, ճնշման տատանումների հետ կապված, այժմ ավելի են սրացել: Այնուհանդերձ, Հակոբ Հակոբյանը հրաժարվել է դիմում գրել այլ խուց կամ բժիշկների հսկողության տակ տեղափոխվելու համար:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կալանավորվել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության հարուցած քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու մեջ, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով:

Նկատենք, որ 2000-ական թվականներին Հակոբյանը ամենաազդեցիկ գործարարներից մեկն էր Էջմիածնի տարածաշրջանում: