Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ամերիկյան Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքում (Դեթրոյթի արվարձան), մարտի 7-ին տեղի կունենա հայտնի կանադահայ երգչուհի սոպրանո Իզաբել Բայրաքդարյանի համերգը, որը կոչվում է «Իմ երգերը, իմ ժառանգությունը»: Համերգին կմասնակցեն նրա դաշնակահար ամուսինը՝ Սերուժ Քրաջյանը եւ Հենրիխ Կարապետյանի քառյակը:
Ինչպես գրում է «Press & Guide» թերթը, միջոցառումը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի տեղի կոմիտեն: Համերգին կհնչի հայկական հոգեւոր երաժշտություն, ժողովրդական երգեր, կամերային երաժշտություն եւ 20-րդ դարի երգեր՝ անգլերեն տիտրերով:
ԱՄՆ Միչիգանի նահանգում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կոմիտեն այս տարի միջոցառումների շարք է նախատեսել անցկացնել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:





























