Հարկավոր է Հայաստանի խաղողի բոլոր այգիները ստուգել՝ բացահայտելու համար ֆիլոքսերով վարակի առկայությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայ խաղողագործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ մեկնաբանելով Արարատյան դաշտում ֆիլոքսերի նոր օջախների հայտնաբերման փաստը:

Նա հիշեցրեց, որ Արարատյան դաշտը ֆիլոքսերազերծ խաղողի այգիների ինքնատիպ տարածաշրջան էր աշխարհում: Հարցն այն է, թե ինչ չափերի է հասել վարակը: Առաջին տարբերակ. վարակն իսկապես հատվածային է եւ հնարավոր է տեղայնացնել: Երկրորդ տարբերակ. հատվածային անալիզ են վերցրել, միայն ահազանգ ստանալու դեպքում:

Այդ պատճառով էլ հարկավոր է ստուգել խաղողի բոլոր այգիները, ինչը նախկինում երբեք չի արվել: Եթե պարզվի, որ վարակված է խաղողի այգիների մեկ կամ մի քանի տոկոսը, իսկ դա մի քանի հարյուր հեկտար է, ապա միանշանական պետք է դրանք ոչնչացնել եւ կարանտին մտցնել, իսկ հետագայում կրկին արգելել խաղողի ֆիլոքսերակայուն արմատակալների ներկրումը:

Սակայն ոմանց, թերեւս, շահեկան է, որպեսզի ֆերմերները դրա համար գումար ծախսեն, իսկ դա նշանակում է, որպեսզի ֆիլոքսերը տարածվի: Բանն այն է, որ խաղողի արմատակալի առեւտուրը շահութաբեր է: Իրականում դրանք 10-20 ցենտ արժեն, իսկ այստեղ վաճառում են 1.2-1.4 եվրոյով: Այլ կերպ ասած, ըստ Հարությունյանի, խոսքը 150-200 մլն դոլարի մասին է, որ մարդկանց որոշակի խումբը կարող է վաստակել 2-3 տարվա ընթացքում:

Այդ պատճառով ստուգումները պետք է առավելագույնս օբյեկտիվ լինեն, այդ թվում՝ ոլորտի շահագրգիռ կազմակերպության՝ Գինեգործների միության մասնակցությամբ: «Եթե ստուգումներն առավելագույնս օբյեկտիվ լինեն, թվերը չեն ուռճացնի, եւ որոշ ջանքերի շնորհիվ մենք երկար տարիների կտրվածքով կփրկենք Արարատյան դաշտը»,- հավելեց Ավագ Հարությունյանը:

Նշենք, որ Գյուղնախարարության 2014 թվականի տվյալների համաձայն, Արարատյան դաշտում ֆիլոքսերով վարակված խաղողի այգիների ընդհանուր մակերեսը կազմել է 11.07 հեկտար: Հատվածային վարակված այգիներ կան նաեւ Արմավիրի մարզի տարբեր շրջաններում: