Ռուսաստանի Ռյազանի մարզի Մոսկվա-Չելյաբինսկ մայրուղում ավտովթարի հետեւանքով զոհվել է Նոե Ծուլայան, ով Սատարովում հայտնի է որպես «օրենքով գող»՝ «Նոյ» մականվամբ:
Ըստ crimerussia.ru-ի, կին-վարորդը՝ Սարատովի մարզի 38-ամյա բնակչուհի, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է Նոյը, բախվել է բեռնատարին:
Ստացած վնասվածքներից տեղում մահացել է «Նիսան»-ի 64-ամյա ուղեւորուհին: Կին-վարորդին եւ նրա մեքենայի ուղեւորին տեղափոխել են հիվանդանոց: Նոե Ծուլայան ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Կայքի տեղեկություններով, ծնունդով Վրաստանի Ծուլուկիձեւի շրջանից Նոե Ծուլայան «թագադրվել է» 1974 թվականին, Քսանի քաղաքի բանտում, «օրենքով գողեր» Իլյա Աբակելիայի («Թամազ») եւ Գիվի Ջիջեիշվիլիի («Կոլիմա») երաշխավորությամբ: Նոյը Սարատովի մարզում բնակվում էր 1988 թվականից:




























