Բերձորի դեպքերով քրեական գործեր հարուցելը ոչինչ չի փոխելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ միանշանական ողջունելի էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ պատգամավորների պատվիրակությամբ Արցախ մեկնելու եւ տեղում ծանոթանալու տեղի ունեցածին, բայց միեւնույն ժամանակ, շեշտեց, որ յուրային ժողովրդին ցեղասպանության ենթարկող եւ նրա հերոսներին ծեծի ենթարկող համակարգը չի կարող բացահայտել իր հանցագործությունը, հետեւաբար՝ պետք է արվի ծածկադմփոց: «Գործ հարուցելն էլ ոչինչ չի փոխի, ծածկադմփոցի մի մասն է, անգամ տուժածների անունները ամբողջական չի հրապարակվում, հասկանալի է՝ ինչ է կատարվում: Մենք գնահատում ենք Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը եւ արդարության հասնելու ձգտումը, դա արժանապատվության քայլ է, որը Նիկոլը կատարել է եւ որի համար շնորհակալ ենք իրեն: Բայց ի սկզբանե պետք էր հասկանալ, որ դա լուրջ շոշափելի արդյունք չպետք է տա»,-ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամը:
Նրա համար ամենեւին էլ զարմանալի չէ, որ տեղի ունեցած միջադեպով գործ է հարուցվել ընդամենը երկու քաղաքացուն վնասվածք հասցնելու դեպքի առթիվ: Վարուժան Ավետիսյանը շեշտեց, որ եթե գործ հարուցեին մեքենաները ջարդելու, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վնասվածքներ հասցնելու դեպքերով, դա կլիներ մեծ ծավալի գործ, մարդիկ պետք է կանչվեին հարցաքննվեին: Նա նշեց, որ ԼՂՀ-ում գործը հարուցվել է երկուսի մասով, քանի որ այդ մասով ապացույցներ չկան, իսկ մնացած տեղի ունեցած մասին թե տեսանյութեր, թե լուսանկարներ կան: Վարուժան Ավետիսյանը շեշտեց, որ գործ էլ հարուցել են ցույց տալու համար, թե քննություն են անում, իրականում կլինի ծածկադմփոց:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, այդ թվում Քերոբ Ղազարյանին, Մխիթար Ավետիսյանին: Նրանց հետ են եղել նաեւ ազատամարտիկներ: Նրանք պետք է դիմավորեին Երեւանից-Արցախ Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին:
ԼՂՀ ոստիկանության հայտարարությամբ՝ ավելի վաղ ակտիվիստներին կոչ են արել հրաժարվել նախաձեռնությունից՝ ղարաբաղյան հասարակությունում լարվածությունից խուսափելու համար: ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քրեական գործեր են հարուցվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Մ. Ա-ին, Շուշի քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Ք. Ղ-ին, Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ` 1978թ. ծնված Մ. Բ-ին եւ 1966թ. ծնված Գ. Հ-ին ս.թ. հունվարի 31-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու եւ Ք. Ղ-ին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ու Մ. Բ-ին պատկանող «ՎԱԶ-21061» ավտոմեքենաների տարբեր մասերը վնասելու փաստերի կապակցությամբ:





























