Գյումրիում տեղի ունեցածն ընդհանուր ողբերգություն է: Նման գազանություններն արդարացում չունեն, ինչպես նաեւ ազգային եւ պետական պատկանելություն: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

«Դա հրեշավոր ողբերգություն է: Այստեղ դժվար է բառեր ընտրել, կատարվածը պարզապես սարսափեցնում է: Դեսպանության բոլոր աշխատակիցները ցնցված էին, երբ իմացան կատարվածի մասին: Դա ընդհանուր ողբերգություն է, ընդհանուր ցավ ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար: Ես հասկանում եւ ընդունում եմ կատարվածի շուրջ հասարակության արձագանքը: Կցանկանայի եւս մեկ անգամ ցավակցությունս հայտնել այդ հանցագործության անմեղ զոհերի հարաատներին եւ մտերիմներին, ամբողջ հայ ժողովրդին»,- դեսպանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը նաեւ հավելել է. «Մենք՝ Ռուսաստանի քաղաքացիներս, Գյումրիի բնակիչների, Հայաստանի եղբայրական ժողովրդի հետ կիսում ենք նրանց ցավը: Հայկական եւ ռուսական իրավասու մարմինները համատեղ հետաքննություն են անցկացնում, այն, իհարկե, պետք է օբյեկտիվ եւ համակողմանի լինի: Վստահ եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»:

Ըստ Վոլինկինի, ռուս-հայկական դարավոր բարեկամության ընթացքում «եղել են դժվարին էջեր, սակայն մենք միշտ համատեղ ուժերով հաղթահարել ենք դժվարությունները». «Հավատում եմ, որ այդպես կլինի նաեւ հիմա»: