Այսօրվա դրությամբ մենք համապատասխան քաղաքա-իրավական հիմքեր ունենք Հայոց ցեղասպանության հարցով Միջազգային դատարան դիմելու համար։ Այս մասին փետրվարի 10-ին «Հայոց ցեղասպանության անպատժելիությունը. 100-ամյա տարելից» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ վերջին դեպքերը հանգեցրին նրան, որ հայերը ազգովի սկսեցին խոսել Ցեղասպանության հարցում փոխհատուցում պահանջելու մասին։ «Այսօր մենք քաղաքա-իրավական փաթեթ ունենք։ Ցեղասպանության հարցով մենք կոնցեպցիա ունենք»,- ասել է Մելքոնյանը։ Այս հայտարարությունն, ըստ նրա, արդեն շատ դրական երեւույթ է, քանի որ հայ հասարակության քաղաքական մտածելակերպի մեջ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել։
«Ցեղասպանության 100-ամյակի շեմին Թուրքիայի հետ պայքարում կարեւորագույն հաղթանակներ գրանցելու մեր ձգտումը ինձ համար մի փոքր անհասկանալի է։ Մենք ուղղակի պետք է պատկերացնենք, որ ապրիլի 24-ը Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում իրականացվող միջոցառումների մի սահմանն է, որից հետո պետք է սկսենք աշխատանք տանել համապարփակ փոխհատուցման հասնելու համար»,- ասել է Աշոտ Մելքոնյանը։ Այն հանգամանքը, որ իրավաբանները սկսել են լրջորեն զբաղվել փոխհատուցման խնդրով, նշանակում է, որ գոնե Ցեղասպանության 2-րդ հարյուրամյակի ընթացքում մենք ճիշտ դիրքորոշում կունենանք։
«Եվ այլեւս ներքաշված չենք լինի հաշտեցման ինչ-ինչ հանձնաժողովների, պատմաբանների հանձնաժողովների, հայ-թուրքական արձանագրությունների, երկխոսության կամ քննարկումների մեջ, այլ հարցը կդնենք այնպես, ինչպես որ այն դրված էր 1965թ, երբ հայ ազգի մոտեցումը այս հարցին թե Հայաստանում, թե արտասահմանում ճիշտ էր»,- ընդգծել է գիտնականը։





























