ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը Ռուսաստանում բնակվելու իրավունք էր ստացել, հարմարվել է երկրին, սակայն չի պատրաստվում ամուսնանալ։ Այս մասին լրագրողներին պատմել է Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան։

«Նա առաջվա պես աշխատում է ռուսական ընկերությունում։ Աշխատավարձը համապատասխանում  է նրա որակավորմանը, ապրելուն բավականացնում է»,- ասել է փաստաբանը։ Նա հայտնել է, որ ինքը շարունակում է Սնոուդնեի փաստաբանը մնալ, քանի որ վերջինս պարբերաբար իրավաբանական խորհրդատվության կարիք է ունենում ռուսական օրենսդրությանն անծանոթ լինելու պատճառով։ Կուչերենան խոստովանել է, որ Սնոուդենի համար ձրի է աշխատում, գրում է ՏԱՍՍ-ը։

Փաստաբանի խոսքով՝ ԿՀՎ նախկին աշխատակիցն իր վարած կյանքից գոհ է։ «Նա արդեն սկսել է ռուսերեն խոսել, գիտի որոշակի բառեր։ Նրա մոտ ամեն բան կարգին է, ես ոչ մի տեղեկություն չունեմ այն մասին, թե նա պատրաստվում է Ռուսաստանից ինչ-որ տեղ  մեկնել։ Անձնական կյանքի մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, սակայն, որքանով որ ես տեղյակ եմ, Սնոուդենը ամուսնանալու պլաններ չունի»,- ասել է Կուչերենան։