Քննչական կոմիտեն պարզել է, թե ինչ մակնիշի ավտոմեքենայով են փետրվարի 7-ին առեւանգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող Արտակ Խաչատրյանին:
Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ փետրվարի 7-ին ժամը 12:00-ի սահմաններում Արտակ Խաչատրյանը եւ իր ընկեր Ն.Աբրահամյանը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Երեւան քաղաքի Տոլստոյի փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրին եւ կայանել նշված համալիրին կից պատի տակ: Այդ պահին Տոլստոյի փողոցի վերեւի հատվածից արագ նրանց է մոտեցել «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենա, որից իջել է դիմակավորված, սեւ համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդ։ Նախնական տվյալներով՝ նրանց մոտ եղել է նաեւ հրազեն։ Նրանք Ն. Աբրահամյանին հրել են մի կողմ, իսկ Ա.Խաչատրյանին նստեցրել ավտոմեքենան եւ արագ ընթացել Նար-Դոսի փողոցի ուղղությամբ: Ա. Խաչատրյանին առեւանգելուց հետո մի քանի ժամ ծեծի են ենթարկել, որից հետո նրան բաց թողել մի ամայի տարածքում, որտեղից էլ վերջինս ինքնուրույն եկել է իր բնակարան։ Նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Ա.Խաչատրյանը շտապօգնության 73-րդ անձնակազմի միջոցով իր բնակության վայրից տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ։
Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը տուժողի մոտ եղել է երկու հեռախոս, որոնցից մեկը հայտնաբերվել է «Մետաքս-Գոլդ» կոչվող շենքի մոտակայքում. Ըստ ականատեսի հեռախոսը դուրս է նետվել «Տոյոտա» մակնիշի սեւ ավտոմեքենայից: Երկրորդ հեռախոսը հայտնաբերվել է Երեւան քաղաքի Խաղաղ-Դոն փողոցում։
Քրեական գործի շրջանակներում պարզվել են հեռախոսները սեւ մեքենայից նետելը նկատած քաղաքացիների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են իրենց հայտնի հանգամանքների շուրջ։
Նախաքննության ընթացքում տուժող Ա. Խաչատրյանի եղբայրը քննությանն է ներկայացրել տեսագրություն, որի զննությամբ պարզվել է, որ դեպքի օրը Նարեկ Աբրահամյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենային հետեւել է «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենան:
Պարզվել է, որ «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Խաչիկ Տեր-Հակոբյանին, որը դեպքի օրը վարել է Ն.Աբրահամյանը։ Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել պարզելու «Տոյոտա կորոլա» մակնիշի սեփականատիրոջ ինքնությունը, նշված ավտոմեքենան, հնարավոր տեսագրությունները հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին անհայտ դիմակավորված եւ զինված անձինք առեւանգել են եւ նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։ Արտակն այժմ Վերակենդանացման բաժնում է։
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, որը զրուցել էր Արտակի հետ, պատմել է, որ նրան մի քանի ժամ շարունակ դաժանաբար ծեծել են՝ գլխին պարկ եւ ձեռքերին շղթաներ հագցրած, այնուհետեւ ավտոմեքենայով տարել եւ քաղաքի ծայրամասերից մեկում թողել: Արտակ Խաչատրյանը պատահական մեքենայով հասել է տուն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։





























