Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաբժշկական փորձագետները դատարանում չեն քննվի: Այսօր՝ փետրվարի 10-ին, նման որոշում կայացրեց Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ մերժելով փորձագետներին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ ամբաստանյալի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը:

«Այս եզրակացությանը ծանոթանալով՝ շատ հարցեր են առաջանում, քանի որ եզրակացության մեջ ասվում է, որ հնարավոր է՝ մարմնական վնասվածքները առաջացել են ոստիկանական մեքենայի ձախ դռան բռնակին համահարվածելու հետեւանքով: Բայց փորձարարության ժամանակ Արգիշտի Կիվիրյանին խնդրեցինք ծալվել դեպի բռնակը եւ տեսանք, որ նույնիսկ բռնակին չի հասնում, ուր մնաց հարվածի բռնակին: Վերջին հաշվով պարզ չէ, թե ինչպես իրենց համար պարզ դարձավ, որ հնարավոր է՝ բռնակին հարվածելուց վնասվածքներ լինեին: Փորձագետները ընդհանրապես բռնակ չեն տեսել, ինչպե՞ս նման եզրակացության հանգեցին»,- ասաց պաշտպանը:

Մեղադրող Երիցյանը եւս առարկեց փորձագետներին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ միջնորդությանը, քանի որ, ըստ նրա, փորձագիտական եզրակացությունը բավարար չափով պատճառաբանված եւ հիմնավորված է, իսկ Արգիշտի Կիվիրյանի մարմնական վնասվածքները մեղադրականի ծավալից հանված են:

Արգիշտի Կիվիրյանի պաշտպանին զայրացրեց դատարանի որոշումը: 

«Մեզ համար պարզ է, որ դատարանը չի ուզում այս գործը քննել եւ օբյեկտիվություն ապահովել: Չենք կարող բավարար հիմնավորումներ ներկայացնել, քանի որ փորձագետի փոխարեն հետեւություններ անել չենք կարող: Դատարանը հերթական անգամ ապացուցեց, որ չի կարող օբյեկտիվ լինել, ուղղակի անիմաստ ենք համարում ամեն անգամ ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը»,- ասաց Սահակյանը:

Նշենք, որ պաշտպանական կողմը սկավառակի տեսքով դատարանին ներկայացրեց փորձարարությունը պատկերող լրագրողների եւ դիտորդների կողմից կատարված տեսագրությունները՝միջնորդելով այն որպես ապացույց կցել գործի նյութերին: Միջնորդության քննարկումը հետաձգվեց, քանի որ մեղադրողը ցանկացավ իր դիրքորոշումը հայտնել տեսանյութին ծանոթանալուց հետո: 

Դատկան նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը դատարանից ժամանակ խնդրեց կրկնակի կամ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ միջնորդության հարցերը գրավոր կերպով պատրաստելու նպատակով: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 25-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: