Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում եւ արտերկրում անցկացվելիք բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաեւ ծրագրի՝ բարձր մակարդակով իրականացման գործում պետական մարմինների մասնակցությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: