Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը սրտի հետ կապված խնդիր ունի: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանը:
Նա հայտնեց, որ երեկ՝ փետրվարի 10-ին, ավելի քան 2 ժամ բուժօգնություն են ցուցաբերել իր պաշտպանյալին:
«Առողջական վիճակը լավ չէ, ճնշումը 110/190 է, բացի դրանից, սրտի խնդիր էլ ունի: Նա պիտի դեռ մի քանի տարի առաջ վիրահատվեր»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրենց պահանջը մեկն է՝ Հակոբ Հակոբյանը պատշաճ բուժօգնություն ստանա:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով:
Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին:





























