«Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնած ավտոերթից օրեր առաջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այսօր` փետրվարի 11-ին, Սեֆիլյանը հայտնեց, որ նախարարն իրեն փոխանցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:

«Ճիշտ են տեղեկությունները, որ ես երկու անգամ հանդիպել եմ Սեյրան Օհանյանին, բայց ոչ թե իմ տանը: Առաջին հանդիպումը եղել է դեկտեմբերի վերջին, որի ընթացքում ավտոերթի մասին ընդհանրապես չենք խոսել: Երկրորդ հանդիպումը եղել է հունվարի 31-ին նախաձեռնած ավտոերթից մի քանի օր առաջ: Այդ ժամանակ շատ կարճ անդրադարձել ենք այդ ավտոերթին, նախարարը փոխանցել է Բակո Սահակյանի հորդորը, որ հետ կանգնենք այդ մտքից»,- ասաց Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: