Հայաստանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ  2015թ. ներդրումային ծրագրերի քննարկումը։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  Զարգացման և մոնիտորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը, փետրվարի 12-ին նախագիծը քննարկման կդրվի հանրային ոլորտի ներկայացուցիչների հետ։ «Քննարկումների արդյունքում մենք կհասկանանք, թե ինչ ժամկետներում նրանք կարող առաջարկներ անել։ Քննարկելով դրանք՝ մենք նախագիծը կներկայացնենք Հանձնաժողովի հաստատմանը»,- աել է Բուդաղյանը։

Ներդրումների ընդհանուր ծավալը, ըստ նախագծի,կազմում է 8.4 մլրդ դրամ։ 2015թ. պլանավորվում է վերանորոգել 57 կմ էլեկտրահաղորդակցման գիծ, այդ թվում՝ 26 կմ 6(10) կ/Վ լարումով եւ 31 կմ՝ 0.4 կ/Վ։ Այս նպատակով պլանավորվում է հատկացնել 857 մլն դրամ։

Պլանավորվում է մի շարք աշխատանքներ տանել 35 եւ 100 կ/Վ լարում ունեցող հատվածներում, որի համար կհատկացվի 116 մլն դրամ։ Պլանավորվում է նաեւ վերանորոգել  Երեւանի կենտրոնում գտնվող 35/6 կ/Վ լարումով աշխատող «Պուրակ» ենթակայանը, որի համար կհատկացվի 1.93 մլրդ դրամ։