Քիչ առաջ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է Հայոց համազգային շարժում կուսակցության 16-րդ հերթական համագումարը: Համագումարին գրանցվել եւ մասնակցում են 625 պատվիրակներ: Ներկա են նաեւ Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ այլք:
Համագումարը մեկնարկել է 2008թ. մարտի 1-ի զոհերի եւ ՀՀՇ մահացած անդամների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
Համագումարին մոտ 20 րոպե ուշացումով ներկայացրել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դահլիճը բուռն ծափահարություններով եւ «Լե-ւոն, Լե-ւոն» վանկարկումներով է դիմավորել ՀԱԿ առաջնորդին:
Առաջինը ելույթ է ունեցել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով նշել է, թե հիմա շատ ավելի բարդ վիճակ է, քան 90-ականներին: Ըստ Բագրատյանի, այն ժամանակ պայքարում էին մի ողջ համակարգի դեմ, իսկ «այժմ մի իշխանություն է, որ հակաժողովրդական քաղաքականություն է իրականացնում, եւ նրա դեմ պայքարն ավելի է դժվար է»: «Համակարգը փոխելն ավելի հեշտ է, քան հասնել փոփոխության դրա մեջ»,- ասել է Բագրատյանն:
Ելույթ են ունեցել նաեւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, ովքեր հայտնել են, որ հաստատակամ են եւ ՀԱԿ շարքերում շարունակելու են պայքարը:
Ի դեպ, NEWS.am-ի թղթակիցը հայտնեց, որ համագումարի աշխատանքներին մասնակցում է նաեւ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, սակայն չկա նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը:




























