Վրաստանի իշխանությունները լայնածավալ ստուգումներ են սկսել ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության վրացական մասնաճյուղում:
Ըստ ԱՊԱ գործակալության, Վրաստանի հակամենաշնորհային ծառայությունը SOCAR-Georgia-ին կասկածում է ավտոմոբիլային գազի շուկայում մենաշնորհային դիրքի ձգտելու մեջ:
Հակամենաշնորհային ծառայության ղեկավարության կարծիքով, ադրբեջանական ընկերությունը խախտում է Վրաստանի օրենքները եւ խոչընդոտում շուկա այլ ընկերությունների մուտքին:
SOCAR-Georgia-ի գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովը գործակալությանն ասել է, որ ընկերության հարցը քննարկվելու է Վրաստանի վարչապետին առընթեր տնտեսական խորհրդի նիստում:
«Հակամենաշնորհային ծառայությունն իրավունք ունի ցանկացած ստուգում կատարել: Դրանում որեւէ արտասովոր բան չկա: Մենք դեմ չենք նման ստուգումներին»,- հայտարարել է Մամեդովը:





























