2014 թվականին Հայաստանը ռազմական նպատակներով ծախսել է շուրջ կես միլիարդ ամերիկյան դոլար: Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով 2014-ին Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն կազմել է 470 միլիոն ամերիկյան դոլար` 2013 թվականի 458 միլիոնի համեմատ:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, 1958 թվականին հիմնադրված հեղինակավոր այս կառույցը, որ հիմնականում զբաղվում է ռազմական ոլորտի հետազոտություններով, այսօր հրապարակած ամենամյա զեկույցում արձանագրում է․ «Հաշվի առնելով այն լարվածությունը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառով առկա է Ադրբեջանի հետ հարաբերություններում, Հայաստանի Զինված ուժերը հիմնականում կենտրոնացած են տարածքային պաշտպանության խնդիրների լուծման վրա»:
Անդրադառնալով հայաստանյան Զինված ուժերի որակական հատկանիշերին՝ զեկույցի հեղինակները նկատում են․ - «Ժամկետային զինծառայության պրակտիկան պահպանվում է, դրան զուգահեռ, սակայն, գնալով աճում է պրոֆեսիոնալ սպաների քանակը»:
Բրիտանացի մասնագետները որպես հայկական բանակում առկա հիմնական խնդիր մատնանշում են ռազմական ավիացիայի տեխնիկական վիճակը․ - «Սպառազինության եւ սարքավորումների մեծ մասը ռուսաստանյան ծագում ունի: Ռազմաօդային ուժերի համար խնդրահարույց է աստիճանաբար հնացող ինքնաթիռները պատշաճ վիճակում պահելն ու դրանց սպասարկումն իրականացնելը»:
Դրա հետ մեկտեղ, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի մասնագետների, հայկական Զինված ուժերը կարողանում են հաջողությամբ համադրել ռուսաստանյան եւ արեւմտյան փորձը:
«Թեեւ Հայաստանի որդեգրած ռազմական հայեցակարգն ընդհանուր առմամբ շարունակում է ռուսական լուրջ ազդեցություն կրել, մասնակցությունը արտերկրում իրականացվող գործողություններին, մասնավորաբար, Աֆղանաստում տեղակայված ISAF զորախմբում ծառայությունը հնարավորություն է տալիս հայ զինծառայողներին որոշակի փորձ ձեռք բերել նաեւ արտերկրի գործընկերների օգնությամբ», - նշում են զեկույցի հեղինակները` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի զինված ուժերի կազմում գործող խաղաղապահ ստորաբաժանման շուրջ զարգացումներին:
Բրիտանացի մասնագետների հեղինակած փաստաթղթում նաեւ մանրամասնորեն ներկայացված է այն զինանոցը, որին տիրապետում են աշխարհի տարբեր պետությունները, այդ թվում Հայաստանը:
Զեկույցից տեղեկանում ենք, որ Հայաստանն ունի մարտավարական նշանակության այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Տոչկա» եւ «Էլբրուս» (Արեւմուտքում առավելապես հայտնի է որպես SCUD) տեսակի բալիստիկ հրթիռներ: Հիշատակված են նաեւ հայրենական արտադրության «Կռունկ» տեսակի անօդաչու սարքերը, որոնց ընդհանուր քանակը, ըստ բրիտանացի մասնագետների, հասնում է 15-ի:
Ինչ վերաբերում է հարեւան Ադրբեջանին, ապա անցած տարի Բաքվի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի, կազմել է 2 միլիարդ 110 միլիոն ամերիկյան դոլար` 2013-ի 1 միլիարդ 950 միլիոնի համեմատ:
Գնահատելով ադրբեջանական Զինված ուժերում տիրող ընդհանուր կացությունը` բրիտանացի փորձագետները գրում են․ - «Թեեւ Ադրբեջանը դեռ պետք է հաջողությամբ անցում կատարի խորհրդային մոդելից, նավթի վաճառքից ստացվող եկամուտների աճը հնարավորություն է տալիս երկրին ավելացնել պաշտպանական ոլորտի ծախսերը: Դա էլ իր հերթին թույլ է տալիս Ադրբեջանին այնպիսի զինատեսակներ ձեռք բերել, ինչպիսին են, օրինակ, ռուսական Ս-300 տեսակի հթրիռային կայանքները: Դրա հետ մեկտեղ, սակայն, հստակ չէ, թե որքանով է ժամանակակից նման զինատեսակների ձեռքբերումը նպաստում ադրբեջանական բանակի ընդհանուր օպերատիվ կարողությունների աճին: Ժամկետային զինծառայությունը շարունակում է ուժի մեջ մնալ եւ պատրաստվածության մակարդակը զորամասերում տարբեր է»:





























