«Հայկական ժամանակ» թերթն իր առաջին էջում լուսանկար է տպագրել, որտեղ գետնին թափված են ՀՀ քաղաքացում բազմաթիվ անձնագրեր:

Թերթը գրում է.

«Ոստիկանության Կենտրոնականի բաժնի նախկին շենքի սենյակներից մեկում, որի լուսամուտները նայում են դեպի բակ, արխիվային տասնյակ անձնագրեր են լցված գետնին: Սենյակի լուսամուտը ջարդած է, անձնագրերը բաց վիճակում են, եւ անգամ անզեն աչքով հնարավոր է կարդալ քաղաքացիների անձնական տվյալները անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, գրանցման հասցե եւ այն ամենը, ինչ նշվում է անձնագրում:

Ավելին՝ նախօրեին այդ անձնագրերը թափված էին անմիջապես պատուհանագոգին, եւ ցանկացած մեկը, ով կանցներ բակով, հնարավորություն ուներ տասնյակներով վերցնել առանց ոստիկանության նշված բաժնի նախկին տարածք ոտք դնելու:

Հ.Գ. Չենք կարող բացառել, որ սրանք այն կեղծ անձնագրերն են, որ ինչպես խոսվում է Հայաստանում, օգտագործվում են ընտրությունները կեղծելու, գոյություն չունեցող ընտրողներ ստեղծելու համար: Բոլոր դեպքերում՝ կարծում ենք, ՀՀ ոստիկանությունը պետք է հստակ պատասխանի, թե սրանք ինչ անձնագրեր են եւ ինչո՞ւ են այսպես, աղբի նման թափված լքված շենքի հատակին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: