«168 ժամ» թերթը զրուցել է Վաշինգտոնում հիմնված «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության ղեկավար, եվրոպական եւ եվրասիական քաղաքական հարցերում մասնագիտացած միջազգայնագետ Մարկ Դիթզենի հետ:

Կրակովում համանախագահները տարածեցին հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին հետեւել իր ստանձնած պարտավորություններին: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ ՄԽ-ն այլեւս հավասարության նշան չի դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես շուրջ 2 տասնամյակ:

Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը չի փոխել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտումների պատասխանատուներին չմատնանշելու իր քաղաքականությունը:  Ես Կրակովի հայտարարության ոճը չեմ ընդունում՝ որպես քաղաքականության իրական փոփոխություն:  Նման կերպ մտածելն ավելի ճիշտ՝ մաղթանք կլինի եւ ոչ՝ իրողություն:

Որոշ փորձագետներ չեն բացառում, որ լարելով իրավիճակը Ղարաբաղում, Ռուսաստանը պատժում է  Արեւմուտքին Ուկրաինայի համար: Արեւմուտքն ունի՞ լծակներ այստեղ ՌԴ ազդեցությունը նվազեցնելու համար, կամ ինչպե՞ս կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունն ընդհանրապես:

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն իրենք են ինքնակամ տրվում Ռուսաստանի ազդեցությանը` հետեւելով  սեփական երկրների ազգային շահերին:  Մի շարք պատճառներով Արեւմուտքը սահմանափակ է  Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու հարցում:

Երբ Հայաստանն այս տարի  դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ, նախորդ տարի բանակցեց ԵՏՄ անդամակցության փաստաթղթի շուրջ, ՌԴ տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը Հայաստանի նկատմամբ մեծացավ: Նույնկերպ՝  2010թ., երբ  Հայաստանը Մոսկվայի հետ ստորագրեց ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին պայմանագիրը,  ՌԴ ազդեցությունը ՀՀ անվտանգության ոլորտի նկատմամբ մեծացավ: 

ՀՀ իշխանությունները ՌԴ ազդեցությունը դիտարկում են մի բան, որն ամենաքիչը ներկայումս եւ տեսանելի ապագայում պետք է հանդուրժել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի ապահովման համար:

Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի մեծ լծակներ ունի, քան Հայաստանը, բայց այստեղ եւս Արեւմուտքը սահմանափակ է  ՌԴ ազդեցությունը նվազեցնելու հարցում: Արեւմտյան հետաքրքրություններն Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներով ցավալիորեն բթացնում են  Արեւմուտքի արձագանքն ու ազդեցությունը Բաքվի նկատմամբ, ինչը կարող ենք տեսնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ արեւմտյան արձագանքների չեզոք գնահատականներից:  Ռուսաստանը, մյուս կողմից՝ համաձայն է Ադրբեջանի ռեժիմի հետ: Ինչպես Հայաստանի դեպքում, Ադրբեջանի դեպքում եւս Մոսկվան մնում է  սպառազինության գլխավոր մատակարարը:

Գերտերությունների ազդեցությունը նվազեցնելու միակ արդյունավետ բաղադրատոմսը քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում այնպիսի ամրություն ձեռք բերելն է, որը բավարար է հույսը սեփական ուժերի վրա դնելու համար:

Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ապա ուկրաինական հակամարտությունն ու ԼՂ հակամարտությունն  առանձին հարցեր են: ՌԴ-ն լարվածություն չի հրահրում Ղարաբաղում՝ Արեւմուտքին ուկրաինական հակամարտության համար պատժելու նպատակով: Այնուամենայնիվ, Ռուսաստանը երկարաձգում է ԼՂ հակամարտությունը՝  սպառազինություն մատակարարելով եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին` միեւնույն ժամանակ ՄԽ կազմում միջնորդելով խաղաղություն հաստատելու գործում: Մոսկվան, փաստորեն,  կոչ է անում կողմերին՝ խաղաղություն հաստատել, երբ  նրանց պատերազմի համար անհրաժեշտ զենք է մատակարարում: Այս երկակի քաղաքականությունը հակասում է հայ-ռուսական ռազմական պայմանագրին  եւ  ռազմավարական գործընկերությանը ՀԱՊԿ-ի շրջանակներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: