Գյումրիում հունվարի 15-ի բախումներին մասնակցելու կասկածանքով ձերբակալված, այնուհետեւ ստորագրությամբ ազատ արձակված Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանն այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 11.00-ին, հրավիրել է Շիրակի մարզային քննչական բաժին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հայկ Հարությունյանը:

Նա նշեց, որ կամ պետք է նրան մեղադրանք առաջադրեն, քանի որ արդեն կասկածյալ լինելու համար սահմանված 7 օրը անցել է, կամ էլ պետք է վերացնեն խափանման միջոցը:

Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն էր: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին: