Երեւանի Ճանպարհային ոստիկանության նորանշանակ պետ Արման Հակոբյանը նոր պաշտոնում կադրային փոփոխություններ չի անելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արման Հակոբյանը:

«Նախարարը նշանակել է, պետք է ծառայենք, պետք է աշխատենք նույն տարբերակով, ինչպես եղել է»,-ասաց նա:

Իսկ թե ինչու հենց իրեն նշանակեցին այդ պաշտոնին, Արման Հակոբյանն ասաց, որ նախարարի որոշումն է, որը չի քննարկվում: ՃՈ պետը նշեց, որ լավ հարաբերություններ ունի նախկին ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ, նրանից հետո համակարգում արված գործերն են մնացել, որը օր օրի պետք է ավելացնեն: «Ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ, Արշակյանը իմ ընկերն է»: Արման Հակոբյանն ասաց. որ ՃՈ-ն կշարունակի աշխատել նույն կերպ, իրենց համար կապ չունի՝ խախտում անողը պաշտոնյա է, թե հասարակ մարդ, բոլորը վարորդ են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՏեղեկությունըNEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:

NEWS.am-ի հարցին, թե ի՞նչն է եղել Արսեն Արշակյանի պաշտոնանկության պատճառը, հիշեցրել են համակարգում իրականացվող կադրային բարեփոխումները: «Կադրային փոփոխութունները դիտել միայն բարեփոխումների շրջանակում»,-ասել են լրատվական ծառայությունից: Իսկ Արսեն Արշակյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա աշխատանքի է անցել ԱԻՆ-ում: