Փետրվարի 9-ին, ժամը 21.40-ին, 40-ամյա Սամվել Չ.-ն ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 8 շենքի մոտ, ոմն Պոտոն հանդիպել է իր որդուն` 15-ամյա Արամայիս Չ.-ին, նրանից խնդրել 50 դրամ, վերջինս մերժել է, որից հետո միասին ուղեւորվել են Լենինգրադյան տնակային ավան: Հետո վիճաբանություն է սկսվել նրա եւ Պոտոնի միջեւ, որի ընթացքում Պոտոնի եղբայր ոմն Խաժակ բռնել է որդու ձեռքերը, իսկ Պոտոն իր մոտ գտնվող սուր առարկայով խազել է նրա դեմքը` պատճառելով վնասվածք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փետրվարի 11-ին պարզվել է, որ Պոտոն 18-ամյա Պետրոս Ռ.-ն է, իսկ Խաժակը` 18-ամյա Խաժակ Ռ.-ն:
Պետրոս Ռ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:





























