Գյումրիի բախումների գործով ձերբակալված, ապա մի քանի օր անց ազատ արձակված՝ Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանին այսօր՝ փետրվարի 12-ին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մնացականի հայրը:

Մարտին Ալեքսանյանը հայտնեց, որ որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին: Մնացական Ալեքսանյանը հրաժարվել է ցուցմունք տալ:

«Կանչել են քննչական, հարցեր են տվել դեպքի հետ կապված, թե այդ օրն ինչ է արել ու մեղադրանքն են կարդացել»,- ասաց հայրը:

Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին: