Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, հույս հայտնեց, որ դեսպան Միլսը իր կարեւոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման եւ ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է Միացյալ Նահանգները ներկայացնել Հայաստանում, որի հետ հարաբերությունների զարգացումը առանձնահատուկ կարեւորություն է ներկայացնում իր երկրի համար։ Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը` բազմաբովանդակ փոխգործակությունը առաջ մղելու ուղղությամբ։ ԱՄՆ դեսպանը նախարար Նալբանդյանին փոխանցեց պետքարտուղար Ջոն Քերիի ողջույններն ու բարեմաղթանքները։
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, քաղաքական երկխոսությանը, միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ռազմական համագործակցությանը, մասնավորապես՝ խաղաղապահ գործունեության շրջանակներում:
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները նշանակալի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի զարգացմանը եւ երկրում ընթացող բարեփոխումներին՝ ժամանակի ընթացքում օգնության ծրագրերը վերափոխելով համագործակցության եւ զարգացման նախագծերի։
Երկուստեք կարեւորվեց 2013թ. Հայաստանի արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը։
Հանդիպմանը քննարկվեցին առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցերը, անդրադարձ արվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։
Նախարար Նալբանդյանն ԱԳՆ աջակցությունը հայտնեց դեսպանին՝ իր առաքելության իրականացման գործում։





























