Յունիբանկ ՓԲԸ-ն ընդլայնում է իր հաճախորդների հնարավորությունները եւ մասնավոր բանկինգի ոլորտում առաջարկում է անհատական սպասարկում` Unibank Privé: Հաճախորդների սպասարկումը կիրականացվի բարձր մակարդակի վրա` Երեւանի կենտրոնում գտնվող ժամանակակից, հարմարավետ գրասենյակում:

Բանկից հայտնում են, որ համապատասխան եկամտի մակարդակ եւ կարգավիճակ ունեցող հաճախորդներին Յունիբանկն առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում եւ ներդրումային ռազմավարության մշակում: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Unibank Privé-ի հաճախորդը կարող է դիմել եւ հանդիպում  նշանակել անհատական մենեջերի հետ ցանկացած ժամանակ: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում են:

Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձեւակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Բանկի կողմից առաջարկվող ավանդներն առանձնանում են բարձր եկամտաբերությամբ անգամ տեղաբաշխման կարճ ժամկետի համար: Տոկոսադրույքները կազմում են մինչեւ 18% տարեկան, եթե գումարը ավանդադրվում է 91-365 օր ժամկետով:  Ավանդների պայմանները բավականին ճկուն են եւ հնարավորություն են տալիս ստանալու ոչ միայն բարձր տոկոսներ, այլ նաեւ արդյունավետ կառավարել խնայողությունները: Օրինակ, «Privé» ավանդը ձեւակերպելիս հաճախորդը կարող է համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը: Եթե տոկոսագումարի տրամադրումը կատարվում է ժամկետի ավարտին, ապա ավանդատուին բանկն առաջարկում է հաճելի բոնուս` տոկոսադրույքի բարձրացում 0.5%-ի չափով:  

VIP-հաճախորդներին բանկն առաջարկում է պրեմիում կարգի VISA Gold եւ Infinite բազմարժութային քարտեր, որոնք հնարավորություն են տալիս տնօրինել միջոցները ՀՀ դրամով, դոլարով, եվրոյով եւ ռուբլով միաժամանակ: Պրեմիում քարտերի հնարավորությունները ներառում են անհատական սպասարկում օրական 24 ժամ, բժշկական եւ իրավաբանական աջակցություն, ավիատոմսերի, հյուրանոցի ամրագրում, ապահովագրություն եւ կոնսյերժ ծառայություններ: Պրեմիում կարգի քարտապաններն ընտանիքի անդամների համար կարող են անվճար ձեւակերպել մինչեւ երեք քարտ` կցելով դրանք իրենց  հաշվին: VISA Infinite քարտապանին տրամադրվում է նաեւ ապահովագրություն, ճամփորդության հետ կապված  խորհրդատվություն, օգնություն փաստաթղթերի կորստի դեպքում, թռթիչքի հետաձգման ապահովագրություն եւ այլն:

Unibank Privé-ի բոլոր հաճախորդներին բանկն առաջարկում է օգտվել արտոնյալ առաջարկությունից` 10% զեղչ կոմիսիոն ծառայությունների համար տարեկան 500 000 ՀՀ դրամ գումարի դեպքում:

Բանկային ծառայությունների համալիր փաթեթից բացի, Unibank Privé-ի հաճախորդները ստանում են նաեւ լրացուցիչ հնարավորություններ: Օրինակ, Priority Pass քարտը մուտքի իրավունք է տալիս 120 երկրների օդանավակայանների 700 VIP-գոտիներ, հնարավորություն ընձեռելով հաճախորդին հարմարավետ սպասելու իր թռիչքին: Որակյալ եւ շահավետ ռոումինգի համար հաճախորդներին անվճար տրամադրվում է SIM-քարտ:

«Հայաստանի բանկային համակարգն իրեն դրսեւորել է որպես նոր, զարգացած միջազգային կենտրոն` վերհսկողության բարձր ստանդարտներով, որը հետաքրքրություն է առաջացնում օտարերկրյա հաճախորդների մոտ: ՀՀ բանկերի ընդհանուր ավանդային պորտֆելում ոչ ռեզիդենտների բաժինը գերազանցում է 20%-ը: Աճի միտում առավելապես նկատվում է Ռուսաստանի, Եվրամիության եւ Մերձավոր Արեւելքի երկրների հաճախորդների մոտ: Օրինակ, եվրոպական երկրներից ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների բաժինը կազմում է մոտ 30%: Հաշվի առնելով այս ցուցանիշները եւ մեր VIP- հաճախորդների պահանջարկը, որոնք ցանկանում են ստանալ հարմարավետ եւ ապահով ֆինանսական ծառայություններ, Unibank Privé-ն ունի զարգացման մեծ հեռանկարներ», - ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանն ու հավելել. «Այսօր խոշոր կապիտալի տերերին անհրաժեշտ է իրենց միջոցների գրագետ, մասնագիտական կառավարում եւ անհատական մոտեցում: Մենք պատրաստ ենք ներկայացնել ֆինանսական լուծումներ յուրաքանչյուր հաճախորդին, ֆինանսները նրանց համար դարձնելով առավել պարզ եւ հարմար»: