ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված՝ Սերժ Սարգսյանի ելույթը շատ ճիշտ էր և կոշտ չէր: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀԿ Խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով՝ իրենք պատերազմ չեն հայտարարում, պարզապես իրենց հստակ ծրագրերն են իրականացնելու:
«Մենք քննարկելու ենք բոլոր հնարավոր տարբերակները եւ բոլոր բացակաները համապատասխան գնահատական կստանան»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























