Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը դեռ մինչեւ Ռուբեն Վարդանյանի հայտնի նամակի հրապարակումն էր ասել, թե չի բացառում, որ «Լեզվի» եւ «Հանրակրթության» մասին օրինագծերում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունները սառեցվեն կամ հարցին տրվի բոլորովին անսպասելի լուծում։
«Առավոտի» փոխանցմամբ, Թայլանդի դպրոցի հայտարարությունը, թե մտադրություն չունեն դպրոց բացել Հայաստանում, բավական «խուճուճ» իրավիճակ է ստեղծել, իսկ Ռուբեն Վարդանյանի նամակը, որ ցանկություն չունեն մասնավոր դպրոց բացել Դիլիջանում, ավելի է խորացրել իրավիճակը։ Այս կապակցությամբ Արտակ Դավթյանը թերթին ասել է, որ ի սկզբանե եւս խոսքը գնում էր ընդամենը երկու դպրոցի մասին ՝ Ռուբեն Վարդանյանի եւ Թայլանդի։ «Ըստ էության՝ օրենսդրական այս նախաձեռնությունը, մասնավորի հատվածում, հենց այս երկու առաջարկությունների բավարարմանը միտված օրենսդրական նախաձեռենություն էր։ Հիմա դուք ասում եք՝ չբացվի, եթե չբացվի, ուրեմն չի բացվի»,- նշել է նա:
Հարցին, թե ինչո՞ւ այսպես ստացվեց, Դավթյանն ասել է. «Ես կարծում եմ՝ առավել ճշգրիտ այդ մարդիկ կարող են ասել, թե ինչն է պատճառը, որ հրաժարվում են, բայց չպիտի նաեւ բացառենք, որ պատճառ կարող էին հանդիսանալ այս բուռն քննարկումները, որոնք ծավալվեցին հանրապետությունում։ Բնական է, որ հանրային կարծիքը միանշանակ կողմ կամ դեմ չէր»:




























