Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հրաժարականի դիմում չի գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարը:
Նա նշեց, որ իր՝ հրաժարականի դիմում գրելու մասին առաջին անգամ է լսում: Նախարարը չի մասնակցել ԲՀԿ քաղխորհրդի նիստին: «Ինչի՞ համար, բացարձակ չկա ոչ մի կապ»,-ասաց նա: Հարցին, թե համաձայն էիք նախագահի ելույթի հետ՝ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցված գնահատականների մասով, Գաբրիել Ղազարյանը պատասխանեց. «Դուք, խնդրում եմ, սպորտը մի խառնեք քաղաքականության հետ, ես ձեզ շատ եմ խնդրում: Սպորտը չի սիրի, չի սիրում եւ չի սիրելու քաղաքականություն, ես զբաղվում եմ իմ ոլորտով եւ զարգացնում եմ ֆիզիակական կուլտուրան Հայաստանում»:
Գաբրիել Ղազարյանին հիշեցրինք, որ նա նախարար է, իսկ դա քաղաքական պաշտոն է, հետեւաբար՝ ենթադրում է քաղաքական գնահատականներ, սակայն ԲՀԿ-ամերձ նախարարն ասաց, որ ինքը քաղաքական գնահատականներ չի կարող տալ:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Գագիկ Ծառուկյան, անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին, ԲՀԿ քաղխորհրդի նիստում ասել էր, որ այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից: Անդրադառնալով Անվտանգության խորհրդից իրեն հեռացնելուն՝ նա նշեց, որ փաստացի արդեն վեց ամիս է այդ կառույցում չի աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չի եկել միայն Սերժ Սարգսյանի անձնական մարդկային խնդրանքով: Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատից իրեն զրկելուն, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իր համար կարեւորը ՀՀ քաղաքացիների վստահությունն է, որն առկա է, այնպես որ՝ ինքը ունի ամենակարեւոր մանդատը: ԲՀԿ առաջնորդը կոչ արեց քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն եւ այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։
Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը նախարար էր նշանակվել Յուրի Վարդանյանի փոխարեն: Նա 2010-2013թթ. եղել է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե, սպորտի բաժնի պետ, 2014 թ՝. սպորտվարչության պետ: Լրատվամիջոցներում տեղեկություեւններ կային, թե Գաբրիել Ղազարյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է եւ Գագիկ Ծառուկյանին մոտ կանգնած անձնավորություն է:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























